Հայ դոնորի օգնությամբ եւս մեկ հիվանդի կյանք կփրկվի: Այս անգամ հիվանդը հրեա է, դոնորը՝ Մարիա Մովսիսյանն այսօր ցողունային բջիջներ է հանձնել նրան օգնելու համար: Այս գործընթացը, որ ժամանակին կատարվում էր արտասահմանում, հիմա հնարավոր է կատարել հենց այստեղ՝ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում:
Մարիան 7 տարի առաջ ընդամենը 2 մգ արյուն էր հանձնել՝ երբեք չմտածելով, մի օր իսկապես կդառնա ինչ-որ մեկի կյանք փրկողը: Ո՞վ է այն մարդը, որին իր արյունը կյանք կտա՝ չգիտի, միայն տեղյակ է, որ ազգությամբ հրեա է:
«Ինձ համար կարեւոր է, որ նա փրկվի, այդքան բան»,- ասում է Մարիա Մովսիսյանը:
Երբ իմացավ, որ կարող է դոնոր դառնալ՝ միայն մեկ մտահոգություն կար՝ գուցե իր առողջությունը վտանգվի: Սակայն բժիշկների հետ զրույցը ցրեց կասկածները. դոնորի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Միակ խնդիրը մի քանի ժամ պառկելն է:
«Մի քիչ հոգնեցուցիչ է, սակայան հասկանալով, թե ինչի համար է, զոհում ենք, որ ամեն ինչ լավ լինի»,- ասում է Մարիան:
Ամեն դեպքում Մարիայի առողջությունը բոլոր չափանիշներով է հսկողության ներքո: Մինչեւ այս պահը լուրջ հետազոտություններ են կատարվել, նշանակվել հատուկ թերապիա:
«Հատուկ միջամտություններ է կատարվում մինչեւ այս պրոցեդուրան, որոնք ցողունային բջիջների քանակը մեծացնում են, եւ այդ պարագայում հնարավոր է վերցնել դոնորից ցեղունային բջիջներ՝ առանց նրա օրգանիզմում եղած արյան քանակական ու որակական վնաս տալու»,- ասում է Ցողունային բջիջների հավաքագրման ավագ մասնագետ Անդրանիկ Մշեցյանը:
Սա բժշկական աշխարհի ամենաբացառիկ միջամտություններից մեկն է: Ժամանակին լուրջ դժվարութուններով ուղեկցվող միջամտությունից՝ ոսկրածուծի ստացումից ոչինչ չի մնացել: Հիմա դոնորի ծայրամասային արյունից հնարավոր է ստանալ այնքան ցողունային բջիջ, որը երկրոդ կյանք կտա մեկ ուրիշ մարդու:
«Դոնորի արյունն անցնում է սարքի միջոցով, անջատում է ցողունային բջիջները, որոնք հավաքվում են պարկի մեջ։ Պարկը հետագայում արդեն ուղարկվելու է տրանսպլանտացիոն կենտրոն, որտեղ ներարկվելու է հիվանդին»,- բացատրում է Անդրանիկ Մշեցյանը:
Մարիայի արյան հավաքագրման գործընթացին Ոսկրածուծի առաջին դոնորն է հետեւում: Հայաստանի երկրորդ նախագահի կինը՝ Բելլա Քոչարյանը ռեեստրի ստեղծման օրից է կազմակերպության կողքին: Ցողունային բջիջներն ուղարկվելու են Իսրայել. բժշկության ամենաժամանակակից կենտրոններից մեկն ինքն է օգնություն խնդրել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրից: Սա առաջին դեպքը չէ, երբ հայկական արյունը սկսում է հոսել հրեական երակներում:
«Մենք միջերկրածովյա ժողովուրդ ենք: Ծովից-ծով Հայաստանի մասին եկեք չմոռանանք: Եվ մենք մեր գեները կիսում ենք այդ տարածաշրջանի ժողովուրդների հետ՝ հրեաներ, եթովպացիներ, հույներ, իտալացիներ: Կարող եմ ի ապացույց հիշեցնել միջերկրածովյան տենդը, որը մենք անվանում ենք «Երեւանյան հիվանդություն» կամ «Պարբերական հիվանդություն»: Դա նշանակում է, որ մենք նույն գենը կիսում ենք այդ ժողովուրդների հետ, ուստի մենք այսքան համընկնումներ ենք ունենում»,- ասում է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը:
Մինչեւ Մարիան կհանձնի իր ցողունյին բջիջներն, այնտեղ՝ Իսրայելում, հիվանդը ստանում է բարձր դեղաչափերով քիմիաթերապիա: Դեղորայքը սպանում է նրա արյան չարորակ բջիջները, նոր ու մաքուր արյունը պետք է հասնի հատուկ պայմաններում: Այս ամենն իրականացնելու հնարավորություններ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն» արդեն մի քանի տարի է ստեղծել է:
Ընդամենը փոքրիկ սառնարանի միջոցով բջիջները կտեղափոխվեն: Ավիացիոն ոլորտում խնդիրները լուծված են: 48 ժամ հետո ցողունային բջիջները կհասնեն հիվանդին, իսկ մի քանի օր հետո կսկսեն հարմարվել նոր օրգանիզմին: Բարեհաջող ընթացքի դեպքում օրեր հետո կսկսվի հիվանդի նոր կյանքն՝ արդեն հայ կնոջ արյամբ: Սակայն մինչեւ կյանքի վերջ դոնորն ու հիվանդը իրար չեն տեսնի՝ կարգն է այդպիսին:
http://yerkirmedia.am/social/coghunain-bjij-donor/